Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային կարճատև այց կկատարի Հայաստան։ Նախատեսվող այցի մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Այցի հիմնական նպատակը ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում կազմակերպվող բարձր մակարդակի գագաթնաժողովին մասնակցություն ցուցաբերելն է։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելում է, որ միջազգային միջոցառումը հնարավորություն կտա նաև երկկողմ շփումների համար։ Մասնավորապես, նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի և մտքեր կփոխանակի գագաթնաժողովին ներկա մի շարք պետությունների ղեկավարների հետ։
Անդրադառնալով համաժողովին Իրանի մասնակցությանը՝ Բաղային նշել է, որ իր երկիրը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան ստորագրած առաջին պետություններից է։ Իրանը փաստաթղթին պաշտոնապես միացել է 1996 թվականին։
Նա նաև ընդգծել է, որ շուրջ երեք տասնամյակ Իրանը ներգրավված է կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջազգային գործընթացներում՝ մասնակցելով համապատասխան մեխանիզմների, սկզբունքների և կանոնակարգերի ձևավորմանը։


