Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու համար․ Լուկաշենկո
Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, բայց պատրաստվում է պատերազմի՝ այն կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Անկեղծ ու բացահայտ ասել եմ՝ պատերազմի ենք պատրաստվում, որպեսզի կարողանանք կանխել այն։ Վերջին շրջանում արևմտյան մեր «բարեկամները» ԶԼՄ-ներով աղմուկ են բարձրացրել, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ մեկտեղ պատրաստվում է հարձակվել Բալթյան երկրների, թերևս նաև՝ Լեհաստանի վրա, սակայն մենք ուզում ենք հայտարարել, որ նման բան չկա»,— Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» Telegram-ալիքը։
Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում վերջին շրջանում այսպես կոչված գործընկերները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նրան, թե ինչ է տեղի ունենում Բելառուսի զինված ուժերում։
«Նրանց առաջին հերթին մտահոգել է այն փաստը, որ մենք չափազանց հաճախ և շատ առարկայական ու ինտենսիվ ստուգումներ ենք անցկացնում Զինված ուժերի ստորաբաժանումներում՝ ոչ միայն բանակում, այլև ողջ Զինված ուժերում»,— հավելել է Բելառուսի նախագահը։


