Աղբը սխալ վայրում թափելը կարող է թանկ արժենալ․ ի՞նչ տուգանքներ են նախատեսված
Աղբը չսահմանված վայրում թափելը, շինարարական աղբը ոչ պատշաճ հեռացնելը կամ մեքենայից աղբ նետելը կարող են հանգեցնել տուգանքի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը տարբեր տուգանքներ է նախատեսում՝ կախված թափոնի տեսակից, ծավալից, խախտման վայրից և այն կատարող անձի կարգավիճակից։
Iravaban.net–ը ներկայացնում է, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու համար։
Որքա՞ն է տուգանքը՝ աղբը չսահմանված վայրում թափելու համար
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 43.1-ին հոդվածի համաձայն՝ չսահմանված վայրում սպառման աղբ թափելու համար նախատեսված են հետևյալ տուգանքները․
- Մինչև 1 խորանարդ մետր աղբ թափելու համար՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 80-100-ապատիկի չափով։
- 1 խորանարդ մետրից ավելի աղբ թափելու համար՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50-80-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 150-200-ապատիկի չափով։
- Բնակելի, հասարակական կամ այլ շենքերից մինչև 1 խորանարդ մետր աղբ թափելու համար՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ 30-50-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 100-150-ապատիկի չափով։
Եթե աղբը թափվում է ջրային համակարգերում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, կամ սանիտարական պահպանման գոտիներում, տուգանքի չափը կրկնապատկվում է։
Ի՞նչ տուգանք է նախատեսված անվադողեր և խոշոր կենցաղային իրեր թափելու համար
Չսահմանված վայրում անվադողեր թափելը նույնպես պատժելի է։
- Մինչև 5 անվադող թափելու համար նախատեսված է նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով տուգանք։
- 5-ից ավելի անվադող թափելու համար՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանք։
Հեծանիվի անվադողերը նշված կարգավորման մեջ բացառություն են։
Խոշոր եզրաչափի աղբ թափելու համար, որի շարքում են երկու և ավելի քառակուսի մետր տարածք զբաղեցնող խոշոր կենցաղային ու ոչ կենցաղային սարքավորումները, տրանսպորտային միջոցների հենասարքերը, թափքերը, մետաղական ջարդոնը և էլեկտրատեխնիկական սարքավորումները, ֆիզիկական անձանց նկատմամբ նախատեսված է նվազագույն աշխատավարձի 100-150-ապատիկի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 200-300-ապատիկի չափով տուգանք։
Որքա՞ն է տուգանքը շինարարական աղբը ոչ պատշաճ հեռացնելու համար
Շինարարական աղբը նույնպես պետք է հեռացվի սահմանված կարգով։
- Մինչև 1 խորանարդ մետր շինարարական աղբը չսահմանված վայրում թափելու համար ֆիզիկական անձի նկատմամբ նախատեսված է նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 60-80-ապատիկի չափով տուգանք։
- 1 խորանարդ մետրից ավելի շինարարական աղբ թափելու համար ֆիզիկական անձի նկատմամբ նախատեսված է 50-80-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300-ապատիկի չափով տուգանք։
Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբ հավաքելը և տեղափոխելը կարող է հանգեցնել նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով տուգանքի։
Բացի այդ, շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ հատկացված վայրում չտեղադրելու համար ֆիզիկական անձի նկատմամբ նախատեսված է 30-50-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 50-80-ապատիկի չափով տուգանք։
Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված մեքենայից աղբ նետելու համար
Տրանսպորտային միջոցից աղբ նետելը հանգեցնում է նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով տուգանքի։
Օրենսգիրքը նաև նախատեսում է, որ աղբը չսահմանված վայրում թափելու որոշ իրավախախտումների հայտնաբերման համար կարող են օգտագործվել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված փաստերը։
Այսինքն՝ իրավախախտումը կարող է արձանագրվել նաև տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով։
Ի՞նչ աղբ չի կարելի նետել սովորական աղբամաններում
Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած՝ կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված աղբամաններում և կոնտեյներներում չի թույլատրվում տեղադրել՝
- բժշկական աղբ,
- 1 խորանարդ մետր և ավելի ծավալով աղբ,
- այրվող, շիկացած կամ տաք աղբ,
- ձյուն և սառույց,
- աղբ, որը կարող է վտանգել այն հեռացնող անձանց կյանքն ու առողջությունը։
Այս պահանջը խախտելու համար ֆիզիկական անձի նկատմամբ նախատեսված է նվազագույն աշխատավարձի 5-10-ապատիկի, իրավաբանական անձի նկատմամբ՝ 20-30-ապատիկի չափով տուգանք։
Տուգանքները կրկնակի՞ են, եթե խախտումը կրկնվում է
Այո։ Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է։
Կրկնակի խախտումների համար առանձին ավելի բարձր տուգանքներ են նախատեսված նաև հոդվածի այլ մասերով։
Օրենսգիրքը որոշ դեպքերում հնարավորություն է տալիս խուսափել նշանակված տույժը կատարելու պարտականությունից։ Մասնավորապես, եթե հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարած անձը լիազորված մարմնի կողմից այն հայտնաբերելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները և նույն ժամկետում ներկայացնում համապատասխան ապացույց, կարող է ազատվել նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից։ Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն։
Կարևոր է․ Տուգանքների չափերը ներկայացված են նվազագույն աշխատավարձի բազմապատիկներով։ Դրանք դրամով հաշվարկելիս պետք է հաշվի առնել օրենքով կիրառվող հաշվարկային հիմքը,-տեղեկացնում է Iravaban.net–ը։


