Հայաստանում վերջին անգամ ժանտախտ հիվանդություն արձանագրվել է 1975 թվականին, և անհանգստանալու կարիք չկա, քանի որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը պարբերաբար մշտադիտարկում է իրականացնում կրծողների շրջանում, հարուցիչ չի հայտնաբերվել։ Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասաց ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը։ Նա ներկայացրեց հիվանդության առանձնահատկությունները, բուժման հնարավորություններն ու Հայաստանում տիրող իրավիճակը։ «Ժանտախտը բնական օջախային, ծանր ընթացքով զոոնոզ հիվանդություն է, այսինքն, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչն է Yersinia pestis մանրէն»,- ասաց Չախմախչյանը։ Նրա խոսքով՝ վարակի փոխանցման հիմնական ուղիներից մեկը տրանսմիսիվն է, այսինքն՝ փոխանցողների միջոցով։ Հիվանդության հիմնական պահոց են մանր կաթնասուններն ու կրծողները, իսկ հիմնական փոխանցողները՝ լվերը։ Վարակված լվերը կարող են կրծողներից անցնել մարդուն, խայթել և փոխանցել վարակը։ «Մարդը կարող է վարակվել նաև վարակված կենդանիների կամ նրանց մսեղիքի հետ շփման հետևանքով, երբ հարուցիչը ներթափանցում է մաշկով։ Գոյություն ունի նաև օդակաթիլային փոխանցման ուղի, երբ ախտահարվում են թոքերը։ Այս դեպքում վարակը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ հազի, փռշտոցի կամ շնչառության ընթացքում արտազատվող աերոզոլի կաթիլներով»,- նշեց Չախմախչյանը։ Նա թվեց նաև հիվանդության այլ ձևերը՝ բուբոնային, ակնային և սեպտիկ։ «Բուբոնային ձևի դեպքում մաշկով ներթափանցած հարուցիչը հասնում է մոտակա ավշային հանգույցներին՝ առաջացնելով բորբոքում և պինդ գոյացություն՝ բուբոն։ Սեպտիկ ձևի ժամանակ հարուցիչը տարածվում է ամբողջ օրգանիզմում, իսկ ակնային ձևը կարող է զարգանալ աչքի լորձաթաղանթի ախտահարման հետևանքով»,- մանրամասնեց մասնագետը։ Թոքային ժանտախտին բնորոշ է հիվանդության հանկարծակի և արագ զարգացումը։ Ըստ Սերգեյ Չախմախչյանի՝ կարող են առաջանալ ընդհանուր թուլություն, շնչառական կտրուկ խանգարումներ, ընդհուպ մինչև գիտակցության մթագնում։ «Թոքային ժանտախտը զարգանում է 1-3 օրում։ Առանց բուժման կամ ուշացած հակաբիոտիկային թերապիայի պարագայում մահացությունը կարող է հասնել մինչև 100 տոկոսի։ Սակայն ժամանակին ախտորոշվելու և առաջին 24 ժամվա ընթացքում բուժումը սկսելու դեպքում այն շատ արդյունավետ է։ Երկրորդ օրվանից սկսելու դեպքում մահացությունը կազմում է 17-28 տոկոս»,- նշեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը։ Չախմախչյանն ընդգծեց, որ ժանտախտը բուժելի հիվանդություն է, և ժամանակին բժշկին դիմելու ու հակաբիոտիկային թերապիա ստանալու դեպքում այն արդյունավետորեն բուժվում է։ Նրա վստահեցմամբ՝ Հայաստանում համաճարակային իրավիճակը կայուն է, և ՀՎԿԱԿ-ի կենդանաբանական ջոկատները պարբերաբար այցելում են տարբեր մարզեր, նմուշառումներ իրականացնում կրծողների շրջանում, մինչ այժմ էլ հարուցիչ չի հայտնաբերվել։ Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում քննարկվող հնարավոր դեպքին՝ Չախմախչյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պաշտոնական հաստատում չկա, որ մահվան պատճառը ժանտախտն է եղել։ «ՀՎԿԱԿ-ը մշտական կապի մեջ է միջազգային գործընկերների, «Ռոսպոտրեբնադզոր»-ի և ԱՀԿ-ի հետ»,- ասաց նա։ Չախմախչյանի խոսքով՝ այս պահին սահմանային հսկողության ուժեղացման անհրաժեշտություն չկա։ «Այս պահին անհանգստանալու կարիք չկա։ Եթե համաճարակային իրավիճակը պահանջի, Առողջապահության նախարարությունը և ՀՀ կառավարությունը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանները պաշտպանելու համար», – ասաց Սերգեյ Չախմախչյանը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Ռուսաստանում ժանտախտի տարածման կասկածներ կան: Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո այդ հաստատության ավելի քան 60 աշխատակցի մեկուսացրել են շենքում․ կարանտին է հայտարարվել։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից», նրա մոտ չեն հայտնաբերվել իր մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ, իսկ ինստիտուտում ախտածինների հետ աշխատանքի ընթացքում վթարներ չեն եղել։ Люди Байкала Telegram-ալիքը փոխանցմամբ էլ՝ կարանտինն ընդլայնվել է՝ ներառելով մի քանի հիվանդանոց, այդ թվում՝ մանկական հիվանդանոցը և Իրկուտսկի ծննդատունը։ Դեղատներում, ըստ ալիքի, հակաբիոտիկները սպառվել են։ Ու թեև պաշտոնական Մոսկվան հերքում է, Ռուսաստանի հարևան որոշ երկրներ արդեն իսկ խստացրել են անվտանգության միջոցառումները, իսկ Միացյալ նահանգները Ռուսաստանին է կոչ արել ստույգ տեղեկություններ տրամադրել։ Նշենք նաև, որ վարչապետի որոշմամբ՝ Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով հանձնաժողով է ստեղծվել։ Մանրամասները՝ տեսանյութում։


