Հայաստանի համար գազի թանկացման հարցում Ռուսաստանը երկընտրանք չունի։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Ռուսաստանը փայլուն կերպով գազային դիվանագիտություն է վարում ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում։ Չեմ կարծում, թե Հայաստանը բացառություն դառնա։ Կզարմանամ, եթե Ռուսաստանը հայտարարի, որ Հայաստանը կարող է իր հաշվին շարունակել անել այն, ինչ անում է (խմբ.՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցում)»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում աղետալի վիճակ է սպասվում։ Նա ընդգծել է, որ լոկ էներգակիրների գների գործոնով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունը կաթվածահար կլինի, իսկ բնակչության զգալի մասը, որի 40%-ն առանց այն էլ աղքատության վերին շեմին է, կհայտնվի ծանր դրության մեջ։
Տնտեսագետը հիշեցրել է, որ Կենտրոնական բանկն արդեն զգուշացրել էր գազի թանկացման դեպքում սպասվող լուրջ հետևանքների մասին։ «Որևէ մեկն անդրադարձա՞վ այս հարցին»,- հարցադրում է արել նա։
Մանասերյանը պարզաբանել է, որ Հայաստանը բարդ իրավիճակում է հայտնվել, և գների բարձրացման վերաբերյալ ոչ ոք չի կարողանում պատասխանել ո՛չ գյուղացիների, ո՛չ էլ քաղաքացիների հարցերին։ «Սա դեռ ծաղիկներն են»,- կանխատեսել է նա՝ հավելելով, որ արտաքին քաղաքական երկու վեկտորներն էլ պահանջներ են ներկայացնում Հայաստանին, որն էլ իր հերթին կարծում է, թե գավառական մեթոդներով կարող է մատի վրա պտտեցնել Եվրամիությանն ու Ռուսաստանին։
Փորձագետը ցավով նշել է պետական մակարդակով երկրի տնտեսական զարգացման հայեցակարգի բացակայության մասին։
Տնտեսագետն աբսուրդային է անվանել նաև որոշ փորձագետների գնահատականները, թե Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կաճի 6–7%-ով։ «Ո՞ւմ է ծառայում Ռուսաստանի հետ թշնամանալու գաղափարը, երբ Եվրոպայում էլ տեղ չունես։ Ակնհայտ է, որ դա բխում է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Մենք նույնիսկ չենք էլ զգում, թե ինչպես ենք հայտնվել այդ երկրների գրկում»,- նշել է նա։https://www.youtube.com/watch?v=qF2TtzrD38I


