Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՆԳՆ, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ դեպքը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով։
Նախարարությունից հայտնել են, որ կձեռնարկվի նաև իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։
Ավելի վաղ Auroranews.am-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը։
«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- հայտնել էին նախարարությունից։
Հիշեցնենք`ավելի վաղ SHAMSHYAN.com–ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնության էր ենթարկել երեխային։
Auroranews.am-ը տեղեկացավ, որ դեպքին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի։


