Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի Պերմի, Ուլյանովսկի և Ռոստովի մարզերում գտնվող ռազմավարական և արդյունաբերական նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Թիրախում են հայտնվել նավթամշակման գործարաններ և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ, ինչի հետևանքով արձանագրվել են հրդեհներ, նյութական վնասներ և տուժածներ։
Պերմի մարզում հարվածի է ենթարկվել երկրի խոշորագույն նավթամշակման ձեռնարկություններից մեկը՝ «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» գործարանը։
Տեղի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հաստատել է արդյունաբերական օբյեկտի ուղղությամբ զանգվածային գրոհի փաստը։
Զուգահեռաբար, Ուլյանովսկ քաղաքում անօդաչուի հարվածի է ենթարկվել «Զավոդ Իսկրա» բաժնետիրական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության միկրոէլեկտրոնիկայի արտադրությամբ։
Ուլյանովսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վնասվել են քաղաքային ենթակառուցվածքներն ու արդյունաբերական շինությունները, իսկ բժշկական հաստատությունները բերվել են արտակարգ աշխատանքային ռեժիմի։
Բացի այդ, Ռոստովի մարզում հարվածի թիրախ է դարձել Նովոշախտինսկի նավթամշակման գործարանը։ Տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարի խոսքով՝ ձեռնարկությունը ստացել է վնասվածքներ և դադարեցրել գործունեությունը:


