Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվի IV անվտանգության ֆորումի մասնակիցների առջև։ Այս տարվա ֆորումը նվիրված է «Գլոբալ անվտանգության ճարտարապետության ժամանակակից մարտահրավերները և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը» թեմային։
Անդրադառնալով աշխարհում ստեղծված իրավիճակին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերությունների համակարգը արագ և բարդ փոփոխությունների փուլում է։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական մրցակցության սրումը, տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններն ու բախումները լուրջ ազդեցություն են ունենում համաշխարհային անվտանգության վրա։
«Վստահության խորացող ճգնաժամը և փոխըմբռնման թուլացումն ազգային անվտանգության համակարգերի ամրապնդումն ու միջազգային կայունության պահպանումը դարձնում են բոլոր երկրների համար հիմնարար և անհետաձգելի առաջնահերթություն»,- ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովումը բոլոր պետությունների համատեղ պատասխանատվությունն է, իսկ ժամանակակից սպառնալիքների բնույթն ու մասշտաբները պահանջում են ավելի ինտենսիվ համագործակցություն և համակարգված մոտեցումներ։
Ալիևի խոսքով՝ անվտանգության խնդիրներն այլևս չեն սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով․ մեկ տարածաշրջանում առաջացած ճգնաժամը կարող է արագ ազդեցություն ունենալ մյուսների վրա՝ վտանգելով քաղաքական ու տնտեսական կայունությունը, էներգետիկ և պարենային անվտանգությունը, ինչպես նաև տրանսպորտային ու հաղորդակցական կապերը։ Նա որպես հիմնական միջսահմանային սպառնալիքներ առանձնացրել է ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, միջազգային կազմակերպված հանցավորությունը, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբեռհանցագործությունը։
Ադրբեջանի նախագահը հատուկ անդրադարձել է նաև նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության հնարավոր չարաշահմանը։
«Աշխարհը մտնում է վտանգավոր փուլ։ Թվային հնարավորությունների, այդ թվում՝ արհեստական բանականության չարաշահումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում հակաահաբեկչական պայքարի արդյունավետության համար՝ նպաստելով արմատական գաղափարների տարածմանը, ահաբեկչական ցանցերի ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը և նոր հանցակիցների ներգրավմանը»,- հայտարարել է Ալիևը։
Նրա համոզմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել առանձին պետությունների գործողություններով և պետք է շարունակի մնալ միջազգային համագործակցության առանցքային ուղղություններից մեկը։
Ալիևը նաև նշել է, որ արդյունավետ անվտանգության համակարգը պետք է ոչ միայն արձագանքի արդեն գոյություն ունեցող սպառնալիքներին, այլև կարողանա նախապես գնահատել ռիսկերը և ժամանակին կանխել դրանք։ Այդ համատեքստում նա կարևորել է պետությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդումը, անվտանգության կառույցների մասնագիտական կապերի զարգացումն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը։
«Փորձը ցույց է տալիս, որ բաց և հուսալի երկխոսության վրա հիմնված գործընկերությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ամենաբարդ անվտանգության մարտահրավերներին ավելի ճկուն և արդյունավետ հակազդել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն իր առաջնահերթությունների շարքում է դասում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումը, պետությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։


