ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որից հետ դահլիճում իրարանցում սկսվեց։ Պատասխանելով ընդդիմության՝ կրթության ոլորտին վերաբերող քննադատություններին՝ Ալեքսանյանը հայտարարեց. «Անամոթաբարն այն է, որ 50-ն անց տղամարդը գալիս այստեղ դառնում է երկրի նախագահ, 60-ն անց տարիքում երկու հայերեն բառի մեջ ութ ուղղագրական սխալ է անում։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ է, որ կարելի է լինել տգետ, ու ուղիղ իմաստով եմ ասում՝ տգետ։ Պատրաստ եմ սրա համար կրել բոլոր դատական պատասխանատվությունները, որովհետև այդ մարդը տգետ է»։ Այս խոսքերից հետո դահլիճում սկսվեց բուռն իրարանցում. ընդդիմադիր պատգամավորները տեղից վրդովված բացականչություններով պահանջեցին կարգի հրավիրել Ալեքսանյանին։ Վահագն Ալեքսանյանը տեղից միջամտող Գեղամ Մանուկյանին սպառնաց նախազգուշացմամբ ու նիստերի դահլիճից հեռացմամբ՝ պնդելով, որ ինքն է նիստը վարողը։ Շարունակելով ելույթը՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, թե պատրաստ է Քոչարյանի հետ ցանկացած լեզվի իմացության քննություն հանձնել. «Եթե Ռոբերտ Քոչարյանից երկու անգամ լավ չիմանամ իր ասած ցանկացած լեզուն, պատրաստ եմ մանդատս դնել ու հեռանալ քաղաքականությունից»։ Լարված իրավիճակը հարթելու նպատակով միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կոչ անելով պահպանել լռությունն ու կոռեկտությունը՝ Ռուբինյանը դիմեց Ալեքսանյանին. «Ամեն դեպքում այն փաստը, որ պարոն Քոչարյանը մի բառի մեջ երկու կամ երեք ուղղագրական սխալ է անում, վկայում է, որ առնվազն հայերեն այդքան գրագետ չի գրում։ Բայց ես առաջարկում եմ մտքերը ձևակերպել այնպես, որ դահլիճում իրավիճակը չլարվի։ Մի՛ ասեք տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի»։
https://youtu.be/GzHdTgVzKK8?si=2Iqg_rTf4b7HEOf8


