Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ոստիկանություն զանգահարած Երևանի բնակիչ 46-ամյա Հենրիխ Դ․-ն հայտնել է, որ ինքը թիվ 77 ավտոբուսի վարորդն է, և մի երիտասարդ հարվածել ու կոտրել է վարորդի կողմի ապակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Zhong-Tong» մակնիշի ավտոբուսը գտնվել է Հաղթանակ փողոցի 1/10 հասցեի մոտ, որտեղ անհայտ անձը հարվածել և կոտրել է ավտոբուսի կողային ապակին՝ ընկերությանը պատճառելով 200 հազար դրամի գույքային վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոբուսի ապակին կոտրել է Երևանի բնակիչ 48-ամյա Մուշեղ Ա․-ն, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարվածը։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մուշեղ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հենրիխ Դ․-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։


