Հայկ Սարգսյանի աղմկահարույց բացահայտումները Ալեն Սիմոնյանի հետ կոնֆլիկտի մասին
ՀՀ նախկին պատգամավոր, ՔՊ նախկին անդամ Հայկ Սարգսյանը պատմել է Ալեն Սիմոնյանի հետ իր հարաբերությունների վատթարացման պատճառների մասին՝ անդրադառնալով նաև Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների գործունեության սահմանափակմանը։
«Tete A Tete» հաղորդման ընթացքում Սարգսյանն ասել է, որ իրենց միջև լուրջ տարաձայնությունները սկսվել են դեռևս 2019 թվականին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան էր ներկայացրել խաղամոլության դեմ պայքարին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն։
Նրա խոսքով՝ նախագիծը նախատեսում էր Հայաստանում գործող բուքմեյքերական գրասենյակների փակումը։ Սարգսյանը նշել է, որ այդ ժամանակ իրեն տարօրինակ էր թվում՝ ինչու հենց Սիմոնյանն էր նախաձեռնում այդ փոփոխությունը՝ հաշվի առնելով վերջինիս ընկերական կապերը գործարար Վիգեն Բադալյանի հետ։
Սարգսյանի պնդմամբ՝ այդ շրջանում այլ խաղային ընկերություններից իրեն տեղեկություններ էին փոխանցվում, որ օրենսդրական փոփոխությունը կարող էր նպաստել նրան, որ խաղադրույք կատարողները ֆիզիկական գրասենյակներից տեղափոխվեն առցանց հարթակներ։
Նախկին պատգամավորը նշել է, որ ուսումնասիրություն է իրականացրել և պարզել՝ խաղադրույք կատարողների միայն մոտ 14 տոկոսն էր օգտվում բուքմեյքերական գրասենյակներից։ Դրանից հետո նա դիմել է Սիմոնյանին՝ պնդելով, որ եթե նպատակն իսկապես խաղամոլության դեմ պայքարն է, ապա պետք է սահմանափակումներ կիրառվեն նաև առցանց հարթակների նկատմամբ։
Սարգսյանի խոսքով՝ ինքը Սիմոնյանին զգուշացրել է, որ միայն գրասենյակների փակումը կարող է հակառակ արդյունք տալ, քանի որ առցանց խաղադրույք կատարելը շատ ավելի հեշտ և հասանելի է։
Նա պատմել է, որ այդ հարցի շուրջ Սիմոնյանի հետ ունեցած քննարկումներից մեկի ժամանակ վերջինս իրեն փոխանցել է, որ վարչապետին տեղեկացրել է իր՝ օրինագծին դեմ լինելու մասին։ Սարգսյանի խոսքով՝ իրեն ասվել է, որ չխանգարի օրինագծի ընդունմանը։
«Օրենքի նախագիծն ընդունվեց, ու գրասենյակները փակվեցին»,- պատմել է Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ հենց այդ ժամանակ էլ իրենց միջև հակասությունը խորացել է։
Նախկին պատգամավորը նաև ներկայացրել է իր կատարած մեկ այլ ուսումնասիրության արդյունքները։ Նրա խոսքով՝ 2024 թվականին կրկին ուսումնասիրելով ոլորտի ցուցանիշները՝ պարզել է, որ խաղային ոլորտի տարեկան շրջանառությունը, իր հաշվարկներով, մոտ 300 միլիարդ դրամից հասել է 6,1 տրիլիոն դրամի՝ շուրջ 20 անգամ աճելով։


