Պետական եկոմւտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ 2026 թ.-ի օգոստոսի 29-ին հարուցվել է նոր հետապնդում, նաև փոփոխվել ու լրացվել է նախկինում հարուցված հանրային քրեական հետապնդումը:
Ինչպես հայտնել է ՀՀ դատախազությունը, նոր մեղադրանքները վերաբերում են «Պրոգրես Արմենիա» և «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն և Հյուսիսային պողոտայում ձևական առուվաճառքով ավելի քան 2.1 մլրդ դրամի գույքեր ձեռք բերելուն, «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարության ընթացքում 174.5 մլն դրամի վատնմանը, Բրյուսովի անվան համալսարանին պատկանող 208.9 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի ապօրինի օտարմանը, ինչպես նաև Գյումրիի «Հղկող հաստոց» գործարանի տարածքն օգտագործելով 151.1 մլն դրամի փողերի լվացմանը:
Օգոստոսի 24-ին ստացված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Գ.Խ.-ն վիրահատական միջամտության կարիք չունի (դրա անհրաժեշտությունը կարող է դիտարկվել միայն ՄՌՏ հետազոտությունից հետո, որից նա հրաժարվել է) և չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կխոչընդոտեն քրեական վարույթով որևէ գործողության նրա մասնակցությանը:
Խաչատրյանի և նրա ընտանիքի վերաբերյալ ընթանում են մի շարք այլ քրեական և քաղաքացիական վարույթներ. ԱՄՆ-ում նրանց առանձնատունը հաշտության համաձայնագրով աճուրդով վաճառվել է 36 մլն դոլարով (գումարի 85%-ը նախատեսվում է վերադարձնել Հայաստանին), Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում են Գ.Խ.-ի, նրա որդու և եղբորորդու վերաբերյալ գործերը (վերջիններիս նկատմամբ կիրառվել է կալանք), իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, 29 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 1.45 մլրդ դոլարի պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք և 17.7 մլրդ դրամ:
ՔԿ-ն երեկ հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, իրականացվել են խուզարկություններ։


