Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս. Պուտին
Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը սկսեց փոխվել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդրից։ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այդ պահից այս հարցում մեր դիրքորոշումը շատ երկիմաստ դարձավ։ Մենք ի՞նչ կարող էինք անել՝ միջամտե՞լ Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան երկրները ևս Ղարաբաղը համարում էին Ադրբեջանի մաս՝ միաժամանակ խոսելով այնտեղ բնակվող հայերի իրավունքների և շահերի պաշտպանության մասին։
«Ես ասում էի՝ դուք ոչինչ չեք ապահովի, մարդիկ պարզապես կհեռանան, և վերջ։ Չնայած նախագահ Ալիևն այդ մարդկանց ոչ մի վատ բան չէր անի, կփորձեր ապահովել նրանց շահերը, միևնույն է՝ նրանք չէին մնա։ Այդպես էլ եղավ»,- հայտարարել է Պուտինը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելը դժվար է։
Պուտինը միաժամանակ նշել է, որ ստեղծված իրավիճակում հնարավորություններ էլ կան՝ «շրջել էջը», առաջ շարժվել առանց հակամարտությունների, բացել ենթակառուցվածքներն ու սահմանները և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել։


