Ռուսաստանը պատրաստվում է նոր մասշտաբային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստական աշխատանքները:
ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի օրը տարածած հայտարարության մեջ հայտնել է, որ ստացված հանձնարարականների համաձայն՝ ռուսական զինուժը նախապատրաստվում է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին: Ըստ գերատեսչության՝ սա պատասխան քայլ է Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ու վառելիքաէներգետիկ համալիրի թիրախավորմամբ Կիևի կողմից իրականացվող շարունակական հարձակումներին:
Ըստ Bloomberg-ի՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը օգոստոսին առնվազն 21 անգամ հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ ռեկորդային թիվ մեկ ամսվա համար։ Հարձակումների հետևանքով Ռուսաստանը բախվել է վառելիքի պակասի երկրորդ ալիքի։
Օգոստոսի 30-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշինեֆտեորգսինտեզի նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ տարեկան մոտ 20 միլիոն տոննա նավթի հզորությամբ։
Օգոստոսի 26-ին Ռուսական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հուլիսի կեսերից Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries մանրածախ առևտրով զբաղվող ընկերության տասը ամենամեծ պահեստներից ութը։ Օգոստոսի վերջին հարձակման են ենթարկվել նաև Ozon շուկայի խոշոր լոգիստիկ օբյեկտները։


