ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում կոշտ գրառմամբ արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիա Շուշանյանին՝ վերջինիս ավելի վաղ արած հայտարարությունից հետո։
«Կալուգացի օլիգարխ, համատեղության կարգով նախկին «հաջորդ Վարչապետի» ցուցակի 18 համարը, ում ձեռքից օլիգարխը, ըստ լուրերի, անվստահության համար խլել է մանդատը, որոշել է ինձ անդրադառնալ։ Ամոթ չլիներ կանդրադառնայի սույն պերսոնաժին, բայց ամոթ է, շատ ամոթ, թե չէ կանդրադառնայի»,- գրել է Պապոյանը։
Նախարարը նաև անդրադարձել է հանքարդյունաբերության լրացուցիչ հարկման վերաբերյալ Շուշանյանի դիրքորոշմանը՝ պնդելով, որ վերջինս նախկինում դեմ է արտահայտվել դրան, իսկ հետագայում փոխել է իր դիրքորոշումը։
Ավելի վաղ Լիլիա Շուշանյանն արձագանքել էր Պապոյանին՝ նշելով, որ կառավարությունում աշխատել է Տիգրան Սարգսյանից սկսած չորս վարչապետի օրոք՝ քաղաքական և կուսակցական գործունեությամբ չզբաղվելու պայմանով։
Շուշանյանը նաև պարզաբանել էր հանքարդյունաբերության հարկման վերաբերյալ իր դիրքորոշումը՝ նշելով, որ կողմ է եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը, եթե դրանք սահմանվեին հարկի տեսքով։
«Հեռանալուցս ամիսներ անց կառավարությունն անցավ նույն այս հարկային կարգավորմանը՝ ժամանակին իմ հնչեցրած նույն հիմնավորումները բերելով»,- գրել էր Շուշանյանը։


