Հայոց Ցեղաuպանության միջազգային ճանաչումը մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ուստի մարդկության դեմ իրականացված nճրագործությունները պիտի դատապարտվեն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ-ի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակը դատապարտումն ու նոր ցեղասպան գործողությունների կանխարգելումն էր, իսկ ՔՊ-ի անգործությունն այդ հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Գաղտնիք չէ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղուց հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկել որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն։
Բայց այսօր ՔՊ-ական պատգամավորներից մեկի ելույթին չեմ կարող չանդրադառնալ,դա դիտարկում եմ որպես իշխող ուժի պաշտոնական դիրքորոշում։
Առաջին՝ ցեղասպանությունը ոչ միայն առանձին ազգի կամ էթնիկ խմբի դեմ իրականացված ոճրագործություն է, այլև հանցագործություն՝ ընդդեմ համամարդկային արժեքների։ Այն բացարձակապես դատապարտելի է։ Պատահական չէ, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև, օրինակ՝ Հոլոքոստի պարագայում մենք ունենք միջազգային ճանաչման և դատապարտման մեծ շղթա։ Այսինքն, առաջադեմ մարդկությունը պետք է դատապարտի ցեղասպանությունները։
Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության դեպքում դեռևս 1915 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայերի զանգվածային սպանություններն անվանեցին «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»։
Անդրադառնալով ՔՊ-ի մյուս թեզին, թե իբր իրենք առաջինը չեն, որ հրաժարվել են Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկել որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, և որ 1991-1998 թթ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ դա պետական առաջնահերթություն չի եղել, նշեմ,
որ այստեղ կա մի մեծ բայց. ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի վարչակարգի ՀՀ առաջին իշխանությունը՝ Տեր-Պետրոսյանի գլվավորությամբ, չի ասել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգն օտար նարատիվ է, ներմուծված է արտաքին կենտրոններից։
Առաջին նախագահի իշխանությունը չի ասել՝ դեռ պետք է հասկանանք, թե Ցեղասպանությունն ինչու՞ և ո՞նց է եղել, որո՞նք են դրա պատճառները եւ ՔՊ-ական մեկ այլ երեսփոխանի նման չի ասել, թե մենք դեռ 1.5 միլիոն նահատակների անունները պիտի առանձին-առանձին հայտնաբերենք ու հրապարակենք։
Զուգահեռներն անհամատեղելի են: Այո, և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հարցը չի եղել արտաքին քաղաքականության առաջնահերթություն, բայց Տեր-Պետրոսյանը Փաշինյանի նման չի ասել՝ ինչու՞ 1930-ականներին Ցեղասպանությունից չէին խոսում, այլ 1950-ականներից սկսեցին խոսել։
ՔՊ-ից ասում է են, որ ՀՀ խնդրանքով որևէ պետություն չի ճանաչել, և, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի մի քանի պատճառ՝ դա հայկական սփյուռքն է, տվյալ երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, այսինքն, ըստ նրանց, երբ այս հարցը դարձել է քաղաքական օրակարգի առաջնահերթություն, ոչ մի օգուտ չի տվել:
Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման գլխավոր նպատակն անցյալի ոճրագործությունները դատապարտելն է, որ նոր ոճրագործություններ չկրկնվեն:
Ե՛վ 2015-ի հունվարին հրապարակված Համահայկական հռչակագրում, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ Հանրապետական կուսակցության ամբողջ պաշտոնավարման շրջանում կանխարգելման լավագույն լուծումը եղել է դատապարտումը, որովհետև եթե դու անցյալի հանցագործությունները չես դատապարտում, վտանգ կա նոր հանցագործությունների ու ոճրագործությունների։ Երբ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը 2020 թվականից հետո փոխեց իր կուրսը Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ճանաչման գործում, 2023 թվականին տեղի ունեցավ նոր ոճրագործություն՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը։
ՔՊ-ից հարցնում են,թե որն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնարդյունքը։
Ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնարդյունքը միջազգային հանրության կողմից այդ հանցագործության դատապարտումն է՝ ինչպես եղավ Հոլոքոստի դեպքում, որպեսզի նոր ոճրագործություններ չկրկնվեն։ Սա է հստակ նպատակը։
Իսկ ՔՊ-ն արեց լրիվ հակառակը։
Եվ արդյունքում ականատես եղանք, թե ինչպես դա բերեց Ադրբեջանի նոր ցեղասպան քաղաքականության։
Նաեւ ՔՊ-ի լռությունն ու անգործությունը հանգեցրին նրան, որ այսօր Արցախում հայ չկա։
Իսկ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ՚ն ունեցել են հստակ կարմիր գծեր։
Մեզ համար սպառնալիք են Ադրբեջանն ու Թուրքիան, և մենք առաջ ենք տարել մեր օրակարգը։ 2015 թվականին աշխարհի ազդեցիկ դերակաարները՝ Հռոմի պապը, Պուտինը, Օլանդը, ավելի քան 100 պատվիրակություններ Երեւանում էին ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ՝ Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահները Ծիծեռնակաբերդում դատապարտեցին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Դա արդյունք չէ՞։
Թե՞ ՔՊ-ի համար արդյունք է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը,Արցախի հայաթափումն ու Ադրբջանի պահանջով ՀՀ Սահմանադրություն փոխելը։
Էլ չեմ ասում, որ գործող ռեժիմն իրեն համարում է «ժողովրդավարության բաստիոն»։
Բա ժողովրդավարության բաստիոնն ինչպե՞ս կարող է իր առաջնահերթությունը չհամարել մարդկության և հայ ազգի դեմ իրականացված ոճրագործության դատապարտումը։
Չէ՞ որ ժողովրդավարության հիմքը մարդու իրավունքներն են, իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գլխավոր նպատակը հենց դա է եղել՝ դատապարտել և կանխարգելել, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատ չլինեն անելու այն, ինչ ուզում են։
Հաջորդը՝ իշխող թիմի ներկայացուցիչն իր խոսքում ակնարկում է փակ սահմանների մասին։
Իսկ հայ-թուրքական սահմանը ո՞վ է փակել։ Դեռևս 1993 -ին սահմանը փակել է Թուրքիան ու սա հանրահայտ փաստ է։
Հայաստանի որևէ իշխանություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, Թուրքիայի հետ սահմանների բացմանը դեմ չի եղել, ավելին, Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «ֆուտբոլային դիվանագիտությունը»՝ առանց նախապայմանների հարաբերության հաստատում:
Թուրքիան նախապայմաններ դրեց, Սերժ Սարգսյանն էլ այդ արձանագրություններն ուղարկեց «գրողի ծոցը»։
Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում (2008–2018 թթ.) ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումն է նոր թափ հավաքել, այլ նաև իրականացվել է ժխտողականության քրեականացում մի շարք երկրներում։
Չի կարող ժողովրդավարական պետությունը չդատապարտի մարդկության դեմ իրականացված անցյալի ոճրագործությունը, երբ, քանի դեռ անցյալի ոճրագործությունները դատապարտված չեն, նոր ոճրագործությունների վտանգ կա, ինչն էլ եղավ Արցախի պարագայում։
Երբ որ Հայաստանի իշխանությունը լռում է ու անգործության է մատնված գալիս է նոր աղետ:
Երրորդ նախագահի պաշտոնավարման շրջանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը բխել է հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգությունից։
Ասում են՝ «դա ոչինչ չէր տալիս»։
Բա ո՞նց էր,որ երբ գնում էինք միջազգային այդ համաժողովներին, տեսնում էինք ,թե ինչպես է Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջ դիվանագիտական կորպուսը լցված այն երկրների պառլամենտները, որտեղ քննարկվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Բա ինչո՞ւ էին այդպես անում, եթե դա «ոչինչ չէր տալիս»:
Հանրապետական կուսակցությունն իր բոլոր ռեսուրսներն օգտագործել է թե՛ EPP-ում (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ հարթակներում սպասարկելու Հայաստանի Հանրապետության և Արցախի շահը։
Եվ հիմա կանգնել ու ասել՝ «ի՞նչ տվեց, վերջնարդյունքը ո՞րն է»…
Սա նման է նրան, որ ասես՝ «եթե պիտի մեռնես, էլ ինչո՞ւ ես ծնվել»։
Դա անհեթեթ մոտեցում է։
Հրեա ժողովորդը կամ Իսրայելը, որ դատապարտում են Հոլոքոստը, ի՞նչ է, դա ոչինչ չի՞ տալիս։
Իսրայելի պառլամենտում եթե մեկը նման բան ասեր,հասարակությունը նրան ի՞նչ գնահատական կտար։
Վերջում հերթական անգամ նշեմ,որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդու իրավունքների պաշտպանության հարց է, ուստի մարդկության դեմ իրականացված ոճրագործությունները պիտի դատապարտվեն:
Դա նոր հանցագործությունների կանխարգելման նպատակ ունի, որն իշխող կուսակցությունը չկանխեց, և տեղի ունեցավ էթնիկ զտում Արցախում»,-գրել է նա։

