Վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել Արցախից տեղահանված անձանց բնակարանային աջակցության ծրագրում։
Նախագծում նշվում է․ «ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) նպատակն է կացարանի վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով, 10-րդ կետի 1-ին ենթակետով և որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված պայմաններին բավարարող այն ընտանիքներին, որոնք չեն ցանկացել օգտվել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր), որի իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշմամբ։
Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է, որ որոշման իմաստով շահառու է համարվում 1-3 անդամ ունեցող այն ընտանիքը, որի որևէ անդամը Ծրագրի շրջանակում չի ստացել բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր կամ չեղարկել է այն ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետով սահմանված կարգով։
ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 18-րդ ենթակետով սահմանված դրույթով շահառուն հավաստագիրը չեղարկելու պարագայում կարող է ներկայացնել նոր դիմում-հայտարարություն, ընդ որում՝ չեղարկելու պատճառները կարող են տարբեր լինել։
Նախագծի նպատակն է հստակեցնել սոցիալական աջակցությունների տրամադրման պայմանները՝ նվազեցնելով աջակցությունների տրամադրման վերածածկի խնդիրը»։
Նշվում է, որ որոշման շրջանակներում միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև այն անձինք, ովքեր չեն ցանկացել օգտվել որոշմամբ հաստատված ծրագրից։ Միջոցառման տրամադրման, այդ թվում՝ շահառուների շրջանակի հստակեցման առումով, անհրաժեշտություն է առաջանում կարգավորում նախատեսել այն դեպքերի համար, երբ շահառուն հրաժարվում է Ծրագրից օգտվելու իրավունքից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տրամադրվող սոցիալական աջակցություններն ունեն տարբեր նպատակներ և թիրախային խմբեր, անհրաժեշտություն է առաջանում տարանջատել և հստակեցնել աջակցությունների համար սահմանված պայմանները։
Նախագծով սահմանվում է դրույթ, որով շահառու հանդիսանալու համար պայման կհանդիսանա ծրագրից հրաժարվելու հանգամանքը, ինչը գրավոր հայտարարության տեսքով կստորագրվի և կկցվի դիմումին։
Նախագծով կարգավորվում են Արցախից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման նպատակով վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։


