Թունավորման դեպք մկրտության արարողությանը. հյուրերը հոսպիտալացվել են
Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։
«10 հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ 4 երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։


