Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։
Տեղում փրկարարներն ու Սպիտակի համայնքային ոստիկանները պարզել են, որ քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները՝ ջոկատի պետ Վահան Միքայելյանի գլխավորությամբ։
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը և դուրս բերել այն։
Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։


