Ինչո՞ւ է ռուսական ինքնաթիռը վայրէջքից առաջ երկար ժամանակ պտտվել Գյումրիի երկնքում
Sputnik Արմենիա-ն գրում է.
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա–Գյումրի երթուղով, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում:
Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև օդանավը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Ինքնաթիռը կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
«Պոբեդա» ավիաընկերությունից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ օդանավի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։
«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,– հայտնեցին ավիաընկերությունից:


