Նոր օրենք՝ Ռուսաստանում բնակվող 18 տարեկան օտարերկրացիների համար
Պետական դուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որի համաձայն աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը կամ ձևակերպել սեփական աշխատանքային արտոնագիրը։
Այս դրույթը ներառված է միգրանտների եկամուտներին ներկայացվող պահանջների խստացման մասին օրենքում։
Օտարերկրյա քաղաքացու անչափահաս երեխաների, այդ թվում՝ որդեգրված կամ խնամակալության տակ գտնվող երեխաների, Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգվում է նրանց ծնողի տրված, երկարաձգված կամ վերաձևակերպված աշխատանքային արտոնագրի գործողության ժամկետով։ Սակայն այդպիսի գտնվելու առավելագույն ժամկետը սահմանափակվում է երեխայի 18 տարին լրանալով։
Ընդունված օրենքի համաձայն՝ երկարաձգման պարտադիր պայմանն այն է, որ ծնողը վճարի ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխային։ Եթե ծնողի աշխատանքային արտոնագիրը չի երկարաձգվել կամ չեղարկվել է, ապա նա երեխաների հետ միասին պարտավոր է 15 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը, եթե երկրում մնալու այլ օրինական հիմքեր չկան։
Օտարերկրյա քաղաքացին 18 տարին լրանալուց հետո պարտավոր է 30 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը, բացառությամբ երկու դեպքի՝ եթե նա երկրում գտնվելու կամ բնակվելու այլ օրինական հիմքեր ունի, կամ եթե նույն 30-օրյա ժամկետում դիմում ներկայացնի սեփական աշխատանքային արտոնագիր ստանալու համար և վճարի ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը։ Այդ դեպքում սովորաբար աշխատանքային արտոնագիր ձևակերպելու համար պահանջվող կրթության մասին փաստաթուղթ ներկայացնել անհրաժեշտ չէ։


