Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը «իրատեսական և իրագործելի է», ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Ըստ նրա, մարտական գործողությունների դադարեցումը բխում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի ղեկավարության շահերից, քանի որ այն հնարավորություն է տալիս «խուսափել հետագա սրացումից և ներքին ճգնաժամից»։
«Պատերազմը դադարեցնելու՝ Ուկրաինայի առաջարկը Պուտինին՝ իրատեսական և իրագործելի է։ Սա նրա ռեժիմի համար հնարավորություն է խուսափելու փլուզումից», – ասել է Սիբիգան։
Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Ռուսաստանի նախագահը պետք է ընդունի ակնհայտը. Ռուսաստանը չի կարողանա ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Արտգործնախարարը նաև նշել է Ուկրաինայի համար կայուն խաղաղության չորս հիմնական տարրեր՝ Միացյալ Նահանգների կողմից իրավաբանորեն պարտավորեցնող երկկողմ անվտանգության երաշխիքներ, միջազգային գործընկերների ռազմական ներկայություն Ուկրաինայի տարածքում (ցամաքային զորքեր)՝ ամերիկյան աջակցությամբ, և Ուկրաինայի լիիրավ անդամակցություն ԵՄ-ին՝ որպես անվտանգության երաշխիքների տարր, Ուկրաինայի զինված ուժերի հետագա ամրապնդում և երկարաժամկետ ռազմական օգնության փաթեթի տրամադրում՝ Ռուսաստանի հնարավոր նոր ագրեսիան զսպելու համար։
«Հրապարակ օրաթերթ»


