Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման. հայտարարվել է սգո օր | ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հուլիսի 2-ի գիշերը Կիևի վրա ռուսական ուժերը նախաձեռնել և իրականացրել են զանգվածային խոշոր հարձակում, որի ժամանակ ռուսական զորքերը վնասել են այն շենքը, որտեղ տեղակայված է շտապօգնության ենթակայաններից մեկը։ Հարվածի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցները»։
Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: Նշվում է, որ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են շտապօգնության ենթակայանի բուժաշխատողներ և վարորդներ։
«Տուժած պարամեդիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- հայտնել է Կլիչկոն։
Ռուսաստանը համակցված հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Կիևի տարբեր շրջաններում արձանագրվել են ավերածություններ, և կան տուժածներ։
Հարվածի հետևանքով այս պահի տվյալներով՝ զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 86-ը վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն, շուկա և քաղաքացիական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։
Հուլիսի 3-ին Կիևում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Ռուսաստանի՝ մայրաքաղաքի նկատմամբ իրականացրած ամենազանգվածային հարձակման զոհերի։

