ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանն ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից: Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Մակունցը խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի»,- հայտնում է թերթը։
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի: Նշվում է, որ կուսակցությունում հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի:
Թերթը գրում է՝ կուսակցությունում ենթադրում են, որ Փաշինյանը Մանավազյանի միջոցով որոշել է կամակատար ունենալ, որպեսզի անձամբ ղեկավարի խմբակցությունը։
Հավելենք, որ Արուսյակ Մանավազյանը նախկինում Փաշինյանի ընտանիքիքն պատկանող «Հայկական ժամանակի» հաշվապահն էր։
Հիշեցնենք` երեկ ՔՊ վարչության նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։


