Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենա Թամանցիների փողոցով Գործարանային մետրոյի մոտ ընթանալիս է եղել, երբ գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։
Տեղում պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել պայթյուն-հրդեհի հետևանքով։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և «Toyota»-ի վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


