ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պնդում է՝ եթե 3 տեղամասերում արդյունքներն անվավեր չճանաչվեին էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր հաղթահարի անցողիկ շեմը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ։
«Անվավեր ճանաչած 3 ընտրատեղամասերում արդյունքները չեն ներառվել քաղաքական ուժերի օգտին տրված ձայների հաշվարկում, դրանք օրենքի ուժով արտացոլվել են որպես անճշտություններ։ Հետևաբար, այդ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի խաթարել ընտրությունների վերջնական արդյունքների իրավաչափությունը, հակառակը՝ այն ապահովել է, որ խնդրահարույց տեղամասերի արդյունքները չազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վավերության վրա»,- հայտարարեց Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ անվավեր ճանաչված 3 ընտրատեղամասերի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք՝ ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում։
Պնդում է՝ ԿԸՀ-ն գործել է իրավաչափ և կայացրել է իրավաչափ որոշում, ուստի խնդրում է ՍԴ-ին մերժել ներկայացված բոլոր դիմումները։ Ըստ նրա՝ դիմումատուները ոչ թե կասկածի տակ են դնում ընտրական համակարգի գործողությունները, այլ՝ ընտրողի կամքը։
ԲՀԿ ներկայացուցիչներից Էլինար Վարդանյանն էլ հակադարձում է՝ եթե հենց սկզբնական փուլում տվյալները ճիշտ մուտքագրվեին, իրենց կուսակցությունը նախնական արդյունքներով հատում էր 4 տոկոսի շեմը։
«Վահագն Հովակիմյանը շատ բան է ասում, թվերը լրիվ այլ բանի մասին են խոսում»,- ասաց Վարդանյանը։
Հավելեց՝ եթե ճիշտ բաշխվեն մանդատները, ապա արդյունքներն ավելի մոտ կլինեն ժողովրդի կողմից եղած քվեարկությանը, քան ԿԸՀ որոշման արդյունքում է ստացվում։


