«Այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում»։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Գերատեսչությունից ընդգծել են, որ անընդունելի է «1915 թվականի դեպքերի հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրումը և պատմական բարդ գործընթացների օգտագործումը քաղաքական որոշումներ կայացնելու համար, քանի որ դրանք զուրկ են իրավական ու գիտական հիմքերից»։
«Նման քայլերը ոչ թե նպաստում են հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ընդհակառակը՝ խորացնում են եղած հակասություններն ու խոչընդոտում տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ջանքերին։ Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել այդ որոշումը։ Ադրբեջանը հավատարիմ է մնում պատմական ճշմարտությանը, միջազգային իրավունքի սկզբունքների հարգմանը և տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ։


