Ավտոմեքենայում հայտնաբերված մահացած տղամարդը առողջապահության նախկին նախարար է
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Արարատի մարզի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ, օրվա պատասխանատուներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի և ավագ քննիչ Արտակի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Քննչականի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբոլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։


