MediaTime.am-ը գրում է․
Գերմանիայի ընդհանուր պրակտիկայի բժիշկների ասոցիացիան երկրի կառավարությանը մեղադրել է շոգի պայմաններում բնակչության պաշտպանության հարցում անգործության համար։ Ասոցիացիայի համանախագահ Նիկոլա Բուլինգեր-Գյոպֆարտը Berliner Morgenpost-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ քաղաքական գործիչները պետք է վերջապես պատասխանատվություն ստանձնեն և գործեն՝ չսահմանափակվելով միայն հերթական հայտարարություններով։
Նրա խոսքով՝ դեռ երեք տարի առաջ կառավարությունը հայտարարել էր շոգից պաշտպանության համալիր միջոցառումների փաթեթի մասին, սակայն մինչ օրս գործնականում որևէ նշանակալի քայլ չի իրականացվել։
Բժիշկներն ընդգծում են, որ աննախադեպ շոգը հատկապես վտանգավոր է տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Նման պայմաններում հաճախ անհրաժեշտ է վերանայել դեղամիջոցների դեղաչափերը, ինչպես նաև ապահովել դրանց պատշաճ պահպանումը։
Հունիսի 26-ին Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը (DWD) գրանցել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում բացարձակ ջերմային ռեկորդ՝ 41,3 աստիճան Ցելսիուս։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 42 աստիճանի։ Ջերմաստիճանի որոշակի նվազում սպասվում է միայն հունիսի 29-ից։


