Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հատվածում հաճախակի են տեղի ունենում վրաերթերի, իսկ նախկինում տեղադրված է եղել արհեստական անհարթություն, սակայն չգիտես ում ցուցումով այն քանդեցին, խոստացան տեղադրել ձեռքով կառավարվող լուսացույց, սակայն այդ ամենը դատարկ խոստումներ դուրս եկան, ու այդ 1 տարվա ընթացքում 30-ից ավելի դեպքեր են տեղի ունեցել ու հիմա դրա մեղավորը հենց այն չինովնիկներն են, ովքեր տված խոստումը չկատարեցին, կամ նրանց չի հետաքրքրում մարդկային կյանքը։



