Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և Փամբակ գետում հայտնաբերվել է դի։


