Անծանոթ երեխայի կյանքը փրկելու համար լիճը նետված մայրը չի կարողացել փրկվել
MediaTime.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տեղի ունեցած ողբերգական դեպքը հուզել է հազարավոր մարդկանց։ 42-ամյա Սառա Ջո Ռիդերը, որը միայնակ մեծացնում էր երեք երեխաների, զոհվել է՝ փորձելով փրկել խեղդվող երեխային։
Դեպքը տեղի է ունեցել Ալվաթոն քաղաքի Ֆիլ Մուր զբոսայգում։ Կինը հանգստանում էր իր երեխաների հետ, երբ նկատել է, որ փոքր տղան պայքարում է առվակի հոսանքի դեմ և վտանգի մեջ է հայտնվել։ Առանց վարանելու՝ Սառան նետվել է ջուրը՝ երեխային օգնության հասնելու համար։
Ականատեսների խոսքով՝ նրան հաջողվել է հասնել երեխային, իսկ ավելի ուշ թիավարողներից մեկը երկուսին էլ դուրս է բերել ջրից։ Դեպքի վայրում անմիջապես սկսել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Հիվանդանոցում բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է ուղեղի թթվածնային անբավարարության հետևանքով։

Փրկված երեխան ողջ է մնացել հենց Սառա Ռիդերի անձնազոհ քայլի շնորհիվ։
Կնոջ մտերիմները պատմում են, որ նման արարքը լիովին համապատասխանում էր նրա բնավորությանը։ Նրա լավագույն ընկերուհին նշել է, որ Սառան միշտ պատրաստ էր օգնության հասնել ցանկացած մարդու՝ նույնիսկ վտանգելով սեփական կյանքը։
«Եթե շենքն այրվեր, նա առանց մտածելու ներս կմտներ՝ մարդկանց կամ նույնիսկ կենդանուն փրկելու համար։ Օգնելը նրա բնավորության մի մասն էր», — ասել է ընկերուհին։
Սառայի մայրը նույնպես նշել է, որ աղջկա քայլն իրեն չի զարմացրել։
«Երբ իմացա, որ նա նետվել է ջուրը՝ երեխային փրկելու համար, դա ինձ չզարմացրեց։ Նա հենց այդպիսին էր՝ միշտ ուրիշների մասին մտածող», — ասել է նա։
42-ամյա Սառա Ջո Ռիդերը երեք երեխաների մայր էր։ Նրա հերոսական արարքը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որտեղ հազարավոր մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնում ընտանիքին և նրան անվանում իսկական հերոս։
Աղբյուր՝ New York Post


