Այսօր լինելու են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը․ ամառային արևադարձի օրն է
Այսօր Աստղագիտական ամառն է կամ ամառային արևադարձը, իսկ դա նշանակում է, որ տարվա ամենաերկար ցերեկն ու ամենագիշերն են լինելու Հյուսիսային կիսագնդում։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:
«Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ ազդարարելով աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում»,- հայտնում է Ազիզյանը։

Ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքում՝ կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Դրա արդյունքում էլ կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։
Երևանում ցերեկվա տևողությունն այսօր լինելու է 15 ժամ 2 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, երբ տարվա ամենաերկար գիշերն է լինում, Երևանում ցերեկվա տևողությունն ընդամենը 9 ժամ 19 րոպե էր։
Ի դեպ, Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է Հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ Հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:


