«Ուժեղ Հայաստանը» դիմել է ՍԴ. պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Նրա խոսքով՝ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արդեն մուտքագրել է դիմումը Սահմանադրական դատարան։
«Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կազմակերպած զանգվածային ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2026 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,- հայտնում է Ղահրամանյանը։ Նշենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախապես հայտարարել էին նաև «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։
Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:


