Ես ընտանիքից բաժան եմ ապրում. ինչ է պատմում Փամբակ գետն ընկած աղջիկների հայրը
Ես շատ բաներ չգիտեմ, գործից եկել եմ տուն, զանգ եմ նստած էլ, որ երեխեքը չկան, մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս, ինքն էլ հարցրել է, ասել եմ՝ ես տանն եմ, երեխեքը տանը չեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի հայրը՝ Սարգիս Մարտիրոսյանը։
«Կինս ասաց՝ եթե խաբար լինի, ես կզանգեմ կասեմ։ Ես չեմ սպասել, նստել եմ մեքենան, գնացել եմ այնտեղ։ Փորձում ենք գտնել երեխեքին, ես ուրիշ տվյալ չգիտեմ։ Ասում են՝ տրուբի վրայից երեխեքն ընկել են ցած»,–ասաց հայրը։
Նա նշեց, որ իրենք ծնունդով Արթիկի Վարդաքար գյուղի են. «Ես հիմա էլ եմ Վարդաքորում ապրում, ընտանիքից բաժանված եմ։ Կինս երկու տարի այստեղ է ապրել, ես ապրում եմ Վարդաքարում, իմ հայրական տանը։ Հիմա Արթիկից ընկերներիս հետ եկել եմ, որ երեխաներին գտնենք»։


