Միջադեպ հանրային տրանսպորտում. ուղևորները հարձակվել են Երևանի քաղաքապետարանի հսկիչների վրա | ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Այվազովսկու փողոցում ուղևորները հարձակվել, հայհոյել և քաշքշել են քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության տեսուչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ ժամը 17․30-ին։
Հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության խումբը պարզել է, որ տեսուչներն փորձել են վարչարարություն իրականացնել և նույնականացնել տոմս չունեցող անձանց:
«Սակայն ուղևորներից մեկը՝ Մասիս քաղաքի բնակիչ 55–ամյա մի կին, հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու փորձել հարվածել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Իսկ մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ 51–ամյա տղամարդ, հրմշտել և քաշքշել է տեսուչներին ու պահանջել շարունակել ուղևորությունը»,– ասված է հաղոդագրությունում։
Հասարակական կարգի խախտման և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով համայնքային ոստիկանները ձերբակալել են 55-ամյա կնոջը:
Տրանսպորտային բարեփոխո՞ւմ, թե՞ վերադարձ անցյալին. Ավինյանի նոր հրահանգի ռիսկերը
Ոստիկանությունից նշել են, որ նա, կազմված համապատասխան փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար նախաքննությունը շարունակվում է։


