«Ծանր մետաղների դեպքում սուր ռիսկերն առաջանում են մեծ քանակությամբ՝ նյութի կտրուկ ներթափանցման դեպքում։ Այս դեպքում ի հայտ են գալիս սուր կլինիկական նշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնային ցավեր, նյարդային համակարգի և երիկամների խնդիրներ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց սննդագետ Դավիթ Պիպոյանը՝ անդրադառնալով Ծավ բնակավայրի ահազանգին։
Նշենք, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։ Մասնագետներն անմիջապես իրականացրել են ջրի նմուշառում բնակչի տնից, որի լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է սնդիկի պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի շեմից։Դավիթ Պիպոյանի խոսքով՝ մասնագետները չեն կարող հստակ ասել, թե կոնկրետ ինչ հետևանքներ կամ առողջական խնդիրներ կարող են առաջանալ հենց այս դեպքում, քանի դեռ չկան սնդիկի պարունակության կոնկրետ թվային տվյալներ և շեմի գերազանցման չափ։
«Առհասարակ ծանր մետաղների հետ կապված ռիսկերը լինում են երկու տեսակի՝ քրոնիկ և սուր։ Քրոնիկ ռիսկերն առաջանում են փոքր քանակների երկարատև սպառման արդյունքում։ Այս դեպքում սպառողն անմիջապես որևէ ախտանիշ կամ ցավ չի զգում, սակայն ժամանակի ընթացքում վնասվում են նյարդային, աղեստամոքսային, իմունային համակարգերը, ինչպես նաև՝ թոքերն ու երիկամները։ Սուր ռիսկերն առաջանում են մեծ քանակությամբ նյութի կտրուկ ներթափանցման դեպքում, ինչը սնդիկի պարագայում բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այս դեպքում ի հայտ են գալիս սուր կլինիկական նշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնային ցավեր, նյարդային համակարգի և երիկամների խնդիրներ»,- մանրամասնում է սննդագետը։Մասնագետի գնահատմամբ՝ դեռ քաղաքացիների շրջանում մանրէաբանական շեղումներ չեն հայտնաբերվել։ Եթե առկա լինեն հոսպիտալացման դեպքեր,ապա հավանականությունը շատ բարձր է, որ գործ ունենք սուր թունավորման հետ։
Հավելենք՝ «Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոն»-ի ղեկավարը հայտնեց իր պատրաստակամությունը՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի համապատասխան թվային տվյալների տրամադրման դեպքում 3 օրվա ընթացքում իրականացնել ռիսկերի լիարժեք գնահատում և կիսվել արդյունքներով Panorama.am-ի հետ։
Նշենք նաև, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ավելի վաղ պարզաբանել էր՝ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրը չի սպասարկվում ընկերության կողմից։


