ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրային հեռուստատեսությանը:
Մեծահարուստ ընդդիմադիր գործիչը վարչապետից պահանջում է հերքել մայիսի 28-ին ճեպազրույցի ընթացքում իր հասցեին արված արտահայտությունները և որպես փոխհատուցում վճարել 9 միլիոն դրամ՝. 6 միլիոնը՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, իսկ 3 միլիոնը՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում:
Ըստ դատալեքսի՝ Փաշինյանը Ծառուկյանին անվանել է՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ», ընդգծել, որ «հանցավոր գործարք է կնքել», «Հայաստանի ժողովրդին թալանել է», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում է ներառելու: Ծառուկյանը պահանջում է հերքել այս «իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկությունները»:
Դատարանը հունիսի 12-ին վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Եթե այն բավարարվի՝ հերքումը պետք է հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։
Միաժամանակ, Գագիկ Ծառուկյանը դատի է տվել նաև Հանրային հեռուստատեսությանը: Ծառուկյանի դժգոհությունը հարուցել է «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ տեսանյութը: Ըստ նրա՝ դրա ընթացքում գործարարի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ծառուկյանի ներկայացուցչի պնդմամբ՝ տեսանյութը կազմվել է միակողմանի, «ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսությունը» տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Գործի նյութերում նշվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ՝ «այս բոլոր թեզիսները և պնդումները սխալ են»,- գրված է դատալեքսում:


