Երեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոբուսում:
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտի հորաքույրը, անդրադառնալով երեխային քաղցրի միջոցով թմրանյութ տալու դեպքին։
Նրա խոսքով՝ մինչև էքսկուրսիա մեկնելը երեխան իրեն լավ է զգացել, և հարազատները որևէ անհանգստացնող կամ արտասովոր երևույթ չեն նկատել։
Տուն վերադառնալուց հետո, սակայն, ծնողները նկատել են, որ երեխայի ինքնազգացողությունը վատացել է։
Նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ սկզբում չեն կարողացել պարզել առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը։
Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ, ըստ հարազատների, պարզվել է, որ նրան ենթադրաբար թմրամիջոց են տվել։
Տղայի հորաքույրը հայտնել է, որ երեխան երեկ է դուրս գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։
Նրա խոսքով՝ տղան դեռևս հոգեբանական ծանր վիճակում է, և նրա հետ աշխատում է հոգեբան։
Հորաքրոջ փոխանցմամբ՝ երեխան ունի հիշողության կորուստ, իսկ խոսքը հաճախ լինում է անկապ և դժվար հասկանալի։


