Այսօր՝ հունիսի 9-ին, «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր. հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և մինչ ոստիկանների ժամանումը նշված վայրից Աբովյան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր են, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների տուժածինն է։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մասնակիցների և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։


