Ինչո՞ւ Փաշինյանը հրավիրեց հայտնի մումուլի ասուլիսը. ինչ էր իրականում թաքնված դրա հետևում
MediaTime.am-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանի գիշերային հարցազրույցը տրվեց մի պահի, երբ ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չէին ամփոփվել։ Թեև նախնական տվյալները ցույց էին տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար է, ձայների ամբողջական հաշվարկը դեռ չէր ավարտվել, իսկ պաշտոնական արդյունքները՝ չէին հրապարակվել։
Հենց այդ պատճառով էլ հարցազրույցը շատերի համար սովորական հետընտրական ելույթ չթվաց. շատերի կողմից ընկալվեց ոչ թե որպես ներքաղաքական հայտարարություն, այլ որպես քաղաքական ուղերձ՝ ուղղված թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարաններին։
Հարցազրույցում առանձնանում էին երեք հիմնական թեզեր՝ ՔՊ-ն միանձնյա ձևավորելու է կառավարություն, հետընտրական ցնցումներ չեն լինելու և Հայաստանը ներկայումս պատրաստ չէ Եվրամիության անդամակցության գործընթացին։ Առաջին հայացքից դրանք տարբեր թեմաներ են, սակայն քաղաքական տեսանկյունից դրանք փոխկապակցված ուղերձներ են։
Առաջին ուղերձը վերաբերում էր իշխանության շարունակականությանը։ Փաշինյանը փաստացի ազդարարեց, որ քաղաքական անորոշության փուլ չի լինելու, և կառավարությունը շարունակելու է իր ներկայիս կուրսը։ Երկրորդ թեզը՝ հետընտրական ցնցումների բացակայության մասին, ավելի շուտ ուղղված էր ոչ միայն ներքին լսարանին, այլև արտաքին դերակատարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի կայունությամբ։
Երրորդ թեզը՝ ԵՄ անդամակցության պատրաստ չլինելու մասին, թերևս ամենաուշագրավն էր։ Վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն խորացրել է հարաբերությունները Եվրոպական միության և Արևմուտքի հետ, սակայն Փաշինյանը փաստացի արձանագրեց, որ նույնիսկ եվրոպամետ օրակարգի պայմաններում Հայաստանը չի պատրաստվում կտրուկ քայլերի գնալ։ Սա կարելի է մեկնաբանել որպես հավասարակշռող ուղերձ ինչպես Բրյուսելին, այնպես էլ Մոսկվային։

Միջազգային մամուլը ևս ընտրությունները դիտարկում էր ոչ միայն որպես ներքաղաքական պայքար, այլ որպես Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության ընտրություն։ Reuters-ը ընտրությունները բնութագրել է որպես թեստ՝ գնահատելու Հայաստանի արևմտամետ ուղղության նկատմամբ հանրային վերաբերմունքը։ Գործակալության գնահատմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ ընտրողների զգալի մասը շարունակում է աջակցել ներկայիս արտաքին քաղաքական ուժին, թեև հասարակության ներսում պահպանվում են խոր տարաձայնություններ։
The Guardian-ը ևս նշում է, որ ընտրությունների հիմնական առանցքներից մեկը եղել է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, իսկ Փաշինյանի քարոզարշավը կառուցվել է խաղաղության, տնտեսական բացման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գաղափարի շուրջ։
Միաժամանակ կարևոր է հասկանալ, որ ընտրությունների արդյունքները չեն նշանակում հասարակության ամբողջական համախմբում մեկ քաղաքական ուժի շուրջ։ Ընդդիմադիր ուժերը շարունակում են ունենալ զգալի աջակցություն, իսկ քաղաքական բևեռացումը պահպանվում է։ Սակայն հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը՝ արդյո՞ք Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները կարելի է լուծել «նիկոլականների» և «ոչ նիկոլականների» բաժանման միջոցով։
Անկախ քաղաքական նախասիրություններից՝ Հայաստանը կանգնած է անվտանգության, տնտեսության, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային հաղորդակցությունների և արտաքին քաղաքական հավասարակշռության խնդիրների առաջ։ Սրանք այնպիսի հարցեր են, որոնք չեն լուծվում միայն ընտրական հաղթանակով կամ պարտությամբ։
Քաղաքական մրցակցությունը ժողովրդավարության բնական մասն է, սակայն մեծ մարտահրավերների դեպքում հասարակության բաժանումը երկու անհաշտ ճամբարների կարող է թուլացնել պետության հիմքերը։ Այս տեսանկյունից ընտրությունների գլխավոր դասը ոչ թե այն է, թե ով հաղթեց և ով պարտվեց, այլ այն, թե արդյոք քաղաքական համակարգը կկարողանա ընտրություններից հետո ձևավորել համագործակցության և ինստիտուցիոնալ մրցակցության նոր մշակույթ։
Հենց այդ պատճառով ընտրություններից հետո ամենակարևոր հարցը գուցե ոչ թե իշխանության կազմն է, այլ այն, թե արդյոք Հայաստանը կկարողանա դուրս գալ «մերոնք–ձերոնք» տրամաբանությունից և կենտրոնանալ պետական երկարաժամկետ շահերի վրա։
MediaTime.am/ վերլուծական


