Զելենսկու ուշագրավ հայտարարությունը Հայաստանի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին շրջանում մի շարք քաղաքական անհաջողություններ է կրել և աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում։
Զելենսկու խոսքով՝ Կրեմլի ազդեցությունը թուլանում է ոչ միայն միջազգային քաղաքականության մեջ, այլև այն երկրներում, որտեղ Ռուսաստանը նախկինում զգալի դերակատարում է ունեցել։ Նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացներին՝ պնդելով, որ Մոսկվայի աջակցությունը վայելող քաղաքական ուժերը չեն հասել ակնկալվող արդյունքների։
«Կրեմլամետ թեկնածուներին աջակցելու Ռուսաստանի վերջին ջանքերը Մոլդովայում և անցած հանգստյան օրերին Հայաստանում նույնպես ձախողվեցին»,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ՌԴ-ն մեկուսացված է Եվրոպայի ներսում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այնպես որ, Ռուսաստանը մենակ է:
Նրա գնահատմամբ՝ այս գործընթացները վկայում են Կրեմլի ազդեցության նվազման մասին։
Հարցազրույցում Զելենսկին խոսել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ հայտարարելով, որ Ուկրաինայի դիրքերը ներկայումս ավելի ամուր են։
«Ռուսաստանը չի հաղթում»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինան շարունակում է դիմակայել ռուսական ագրեսիային և պահպանել իր պաշտպանունակությունը։
Աղբյուր՝ The Guardian


