ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ԱԹՍ–ներ կկիրառի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերը բացահայտելու համար։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ–հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ գործողությունները բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։


