ԵԱՀԿ-ի դիտորդները գալիս են Երևան․ ուշադիր կհետևենք ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի քան 30 երկրից Հայաստան կժամանեն՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը։
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար է նշանակվել Նիդերլանդների Սենատի անդամ Ֆարահ Քարիմին, իսկ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կգլխավորի Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր Եվրոսիմա Պեյովիչը։
Ֆարահ Քարիմին նշել է, որ Հայաստանը ընտրություններին մոտենում է էապես վերանայված ընտրական համակարգով։
«Հայաստանն այս ընտրություններին պատրաստվում է էապես վերանայված ընտրական համակարգով, որն ուղղված է այնպիսի կարևոր հարցերի լուծմանը, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների վրա ճնշումը և վարչական ռեսուրսների չարաշահումը։ Այժմ մեր դերն է ուշադիր հետևել, թե ինչպես են այս նոր օրենքները գործում գործնականում, հատկապես հասարակության բարձր բևեռացման պայմաններում, որը բնութագրվում է քաղաքական ուժերի միջև պառակտող կոշտ հռետորաբանությամբ»,- ասել է նա։
1995 թվականից ի վեր սա արդեն տասներկուերորդ անգամն է, երբ կազմակերպությունը հետևում է Հայաստանում անցկացվող ընտրություններին։


