Թրամփը հեռախոսով բղավել է Նեթանյահուի վրա. Axios-ը ներկայացրել է զրույցի մանրամասները
Axios․ Թրամփը բղավել է Նեթանյահուի վրա և նրան «խելագար» անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցը շատ ավելի լարված է անցել, քան ներկայացվել էր պաշտոնապես։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը զրույցի ընթացքում բղավել է Նեթանյահուի վրա և կոշտ քննադատության ենթարկել նրա գործողությունները Լիբանանում։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը Նեթանյահուին ասել է.
«Դու լրիվ խելագարվել ես։ Եթե ես չլինեի, դու հիմա բանտում կլինեիր։ Ես փրկում եմ քո հետույքը, ու հիմա բոլորը ատում են քեզ։ Բոլորը ատում են Իսրայելին դրա համար»։
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Թրամփը զայրացած բղավել է Իսրայելի վարչապետի վրա՝ ասելով.
«Ի՞նչ ես անում, գրողը տանի»։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը Նեթանյահուին մեղադրել է այն բանում, որ Լիբանանում իրականացվող գործողություններով նա վտանգի տակ է դնում Իրանի հետ բանակցային գործընթացը և նպաստում տարածաշրջանային լարվածության աճին։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ թեև Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, վերջին շրջանում Նեթանյահուի քաղաքականությունը չափազանց սրում է իրավիճակը և վնասում Իսրայելի միջազգային հեղինակությանը։
Աղբյուրը՝ Axios


