Լյարդի թշնամիները. ինչից պետք է հրաժարվել առողջությունը պահպանելու համար
Լյարդը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որը մասնակցում է հարյուրավոր կենսական գործընթացների։ Այն մաքրում է արյունը տոքսիններից, արտադրում է լեղի, պահպանում է վիտամիններն ու հանքանյութերը և նպաստում է նյութափոխանակության բնականոն ընթացքին։ Սակայն մեր ամենօրյա սննդային սովորություններից շատերը կարող են լուրջ վնաս հասցնել լյարդին և խաթարել նրա աշխատանքը։
Դիետոլոգ Եվա Ռոդրիգեսի խոսքով՝ լյարդի համար ամենավնասակար մթերքների ցանկի առաջին հորիզոնականում ալկոհոլն է։ Ինչպես հայտնում է MediaTime.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին, ալկոհոլի վնասակար ազդեցությունը վաղուց է ապացուցված, և դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի ճարպային հիվանդության զարգացման։
Մասնագետը զգուշացնում է նաև ուլտրավերամշակված մթերքների վտանգի մասին։ Թխվածքաբլիթները, հրուշակեղենը և նմանատիպ արտադրանքները նպաստում են լյարդում ճարպային կուտակումների առաջացմանը և վիսցերալ ճարպակալման զարգացմանը՝ առողջության համար ամենավտանգավոր ճարպակալման տեսակներից մեկին։
Լյարդի առողջությանը վնասում են նաև ֆասթֆուդը, կիսաֆաբրիկատները, տարբեր սնեքերը, ինչպես նաև շաքարի և աղի չափազանց մեծ օգտագործումը։ Ռոդրիգեսը խորհուրդ է տալիս սահմանափակել կարմիր մսի, մշակված մսամթերքի՝ երշիկների և նրբերշիկների, ինչպես նաև սերուցքի, կարագի և բարձր յուղայնությամբ այլ մթերքների օգտագործումը։
Լյարդի առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից և թմրանյութերից, վերահսկել մարմնի քաշը և պահպանել ֆիզիկական ակտիվությունը։ Սննդակարգը պետք է լինի հնարավորինս բազմազան և հարուստ բանջարեղենով։ Հատկապես օգտակար են դառնահամ բանջարեղենները, ինչպիսիք են բողկը, ծովաբողկը և սմբուկը։
Մասնագետի խոսքով՝ լյարդի աշխատանքի խանգարման մասին կարող են հուշել մի շարք ախտանշաններ՝ մշտական հոգնածություն, ախորժակի կորուստ, այտուցներ, որովայնի ցավեր, մեզի գույնի փոփոխություն, սրտխառնոց և փսխում։ Նման նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ։


