«Ուկրաինայում ճգնաժամը սկսվեց նմանատիպ իրավիճակում, ինչպիսին հիմա Հայաստանում է զարգանում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու՝ ՀՀ իշխանությունների ձեռնարկած գործընթացին։
Վլադիմիր Պուտինը նշել է՝ այս պարագայում ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանի մնալ-չմնալու հարցի շուրջ բաց և անկեղծ խոսակցություն պետք է ծավալվի։

«Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին անհնար կդարձնի նրա հետագա ինտեգրումը ԵԱՏՄ-ին, այդ պատճառով էլ համագործակցությունը օբյեկտիվորեն պետք է դադարեցվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պուտինը՝ վերահաստատելով ավելի վաղ հայտնած դիրքորոշումը, որ Հայաստանը չի կարող միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ հանդիսանալ։
Նշենք, որ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Կրեմլի հրապարակած հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հանձնարարել են, որպեսզի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները մինչև դեկտեմբեր ներկայացնեն Հայաստանի համար ԵԱՏՄ պայմանագրի հնարավոր կասեցման հետևանքների գնահատականը։Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում պետք է անցկացվի հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։


