ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
«Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար», – գրել է ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը «դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ»։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, թե Փաշինյանն ամբողջովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար իր (Թրամփի– խմբ․) խաղաղության և բարգավաճման տեսլականը։
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Թրամփի ուղու» իրագործումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ տրանսպորտային կապերին։
Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի գրառմանը՝ նրան շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։


