Ինչ իրավիճակ է Իրանում այս պահին

Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն  անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,-  հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն:

Նա հավելել է, որ նախկինում չեղարկված բոլոր չվերթերի տոմսերի արժեքը կփոխհատուցվի ուղևորներին։

Իրանի ողջ տարածքում ավիաչվերթերը չեղարկվել էին հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ անվտանգության ապահովման նպատակներով։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։

491 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն