Նոր մանրամասներ «Պաշտպան հայրենյաց» ծրագրից
Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Պաշտպան հայրենյաց» ծրագրում՝ նպատակ ունենալով բարձրացնել ծրագրի գրավչությունն ու խթանել զինծառայողների շարունակական ծառայությունը զինված ուժերում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ՝ առաջարկվում է հավելյալ պատվովճար տրամադրել այն զինծառայողներին, որոնք առաջին հնգամյա պայմանագրի ավարտից հետո կրկին պայմանագիր կկնքեն՝ ևս 2 կամ 5 տարի ժամկետով ծառայությունը շարունակելու համար։
Փոխնախարարը պարզաբանեց, որ նոր առաջարկով 2 տարվա նոր պայմանագիր կնքած զինծառայողները կստանան 1,5 միլիոն դրամ պատվովճար, իսկ 5 տարվա պայմանագրի դեպքում գումարը կկազմի 5 միլիոն դրամ։
Նախագծով նախատեսվում է նաև փոխել ծրագրին միանալու ժամկետները։ Եթե մինչ այժմ դիմում կարող էին ներկայացնել առնվազն 6 ամիս ծառայած պարտադիր ժամկետային զինծառայողները, ապա փոփոխությունից հետո այդ հնարավորությունը կտրվի արդեն 4 ամիս ծառայած զինվորներին։
Արման Սարգսյանի խոսքով՝ եթե զինծառայողը ընդհանուր առմամբ շարունակի ծառայել 10 տարի, ապա աշխատավարձից բացի կստանա նաև ընդհանուր 10 միլիոն դրամ պատվովճար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/670ad139598e47941fd82c25b916cd18
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»


